Ծխելու դեմ պայքարը առողջապահության նախարարության առանցքային հիմնախնդիրներից մեկն է. ավարտվեց «Թող 10» հակածխախոտային արշավը

19:33, 28 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ավարտված «Թող 10» հակածխախոտային արշավի կազմակերպիչները մեծապես ոգեշնչվել են ֆրանսիական նմանատիպ նախաձեռնությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին արշավի փակման արարողությանը նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Սա այնպիսի արշավ է, որը ներշնչված է ֆրանսիական «Ամիս` առանց ծխախոտի» նախաձեռնությունից: Այս նախաձեռնությունը բացահայտեցին առողջապահության ոլորտի հայաստանցի չորս փորձագետներ, որոնք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության անմիջական աջակցությամբ անցնող տարի ճանաչողական այցով եղան Ֆրանսիայում: Երկու երկրների միջև առողջապահության բնագավառում համագործակցության բավականին հետաքրքիր դրսևորումներ են եղել, որոնցից մեկը պայքարն է ծխախոտի դեմ»,- նշեց Ֆրանսիայի դեսպանը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ծխելու դեմ պայքարը ՀՀ կառավարության ու առողջապահական գերատեսչության առանցքային հիմնախնդիրներից մեկն է:

«ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է ծխելու դեմ պայքարի ռազմավարություն, որում ընդգծված են ծխելու դեմ պայքարի հիմնախնդիրները և հետագա քայլերը: ՀՀ կառավարության 2018թ. գործունեության միջոցառումների ծրագրում ևս ծխախոտի դեմ պայքարը ընդգծված է որպես գործունեության գերակա ոլորտ»,- ասաց Ավանեսյանը:

Ծխելու դեմ պայքարի ռազմավարության շրջանակում իրականացված արշավների նպատակը Հայաստանում ծխողների թվի նվազեցումն է, որը շուտով նաև օրենսդրական կարգավորում կստանա: Այս մասին նշեց առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

«Օրենքի նախագծով ուզում ենք ամբողջապես արգելել ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում՝ աստիճանաբար անցնելով կիսափակ տարածքների, ամբողջությամբ արգելել ծխախոտի գովազդը, իրացման խթանումն ու հովանավորչությունը: Մեր առաջնահերթ նպատակն է, որ չծխողները չդառնան ծխող: Ցանկանում ենք նաև ամբողջապես նպաստել նրան, որ ծխող մարդիկ թողնեն ծխելը, մաքսիմալ նվազեցնենք երկրորդային և երրորդային ծխի ազդեցությունը մարդու առողջության վրա: Իսկ մեր պայքարի վերջնական նպատակը ծխելու զրոյական մակարդակի հասնելն է: Մենք նպատակ ունենք ստեղծել համաճարակաբանական հսկողական համակարգ` այս ամենը հսկելու համար»,- նշեց Բազարչյանը:

«Թող 10» արշավը մեկնարկել է սեպտեմբերի 3-ին։ Դրա շրջանակներում մասնագետներն ու կամավորները տարատեսակ հետաքրքիր ու ճանաչողական ակցիաներ են անցկացրել, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածել են տեղեկություն ծխելու և այն մասին, թե ինչպես կարելի է հրաժարվել դրանից:

 

 


© 2009 ARMENPRESS.am