Վրաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

17:29, 28 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է եղել տարածաշրջանային բնապահպանական ծրագրերի շրջանակներում համատեղ գործողություններ իրականացնելու գործընթացին՝ մասնավորապես «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային ծրագրին, նրա բնապահպանական և տեղի բնակիչների համար նաև սոցիալ-տնտեսական նշանակությանը։ 

Դեսպանի խնդրանքով Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում կառավարության որդեգրած առաջնահերթությունները, ինչպես նաև նախարարության կողմից մեկնարկած բարեփոխումների ընթացքը։

Կողմերը շեշտել են նաև երկու պետությունների բնապահպանական գերատեսչությունների համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել այդ նպատակով ներդնել գործուն մեխանիզմներ։


© 2009 ARMENPRESS.am