Տիգրանակերտի թանգարանից մ.թ.ա. առաջին դարի պարթևական մետաղադրամ է անհետացել

16:33, 28 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում գտնվող թանգարանի երկրորդ սրահի ցուցափեղկից անհետացել է մ.թ.ա. առաջին դարով թվագրվող Միհրդատ երրորդ պարթևի (մ. թ. ա. 57-54 թթ.) արծաթյա մետաղադրամը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ թանգարանի գործունեության ընթացքում առաջին անգամ է նման դեպք պատահում: «Որևէ գիտակ մարդ նման բան չէր անի: Իհարկե, շատ տհաճ դեպք է, բայց հուսով ենք, որ կբացահայտվի»,-ասաց նա՝ հավելելով, որ իրավապահներն արդեն աշխատանքներ են տանում դեպքը բացահայտելու առնչությամբ:

Պետրոսյանը նշեց, որ պարթևական դրամը հայտնաբերվել է Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտի 2010 թվականի պեղումներից : «Դրամը գտնվում էր շատ ծանր ապակե կափարիչի տակ և ինչ-որ մեկին հաջողվել է այն բարձրացնել ու հանել»,-ասաց Պետրոսյանը:

Դեպքի առթիվ տարվում է նախաքննություն:


© 2009 ARMENPRESS.am