Հայ և արտասահմանցի ստեղծագործողների բազմաժանր աշխատանքները կմեկտեղվեն նույն հարթակում

15:49, 28 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան-2018» (ICAE2018) լայնամասշտաբ միջոցառումների շրջանակում Երևանի տարբեր ցուցասրահներում կներկայացվեն ավելի քան յոթանասուն օտարերկրյա ստեղծագործողների աշխատանքներ: Կանցկացվեն աշխատաժողովներ, տեղի կունենան զրույցներ արվեստի միջազգային մասնագետների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի Հանրապետության ծննդյան 100-ամյա տարեդարձին նվիրված ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Հայաստանում և այս տարածաշրջանում առաջին անգամ է այսպիսի ցուցահանդես իրականացվում: Աշխարհի տարբեր ծայրերից ներգրավված ստեղծագործողները եկել են Հայաստան, որ ծանոթանան այս երկրին, գիտելիքների և փորձի փոխանակում իրականացնեն տեղի գործընկերների հետ»,-սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ցուցահանդեսի նախաձեռնող և կազմակերպիչ «Shaula International» ՍՊԸգործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին:

Միջոցառման աջակից ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանի խոսքով`  ցուցահանդեսը մեկտեղում է ժամանակակից գեղանկարչությունը, քանդակագործությունը, լուսանկարչությունը, տեսանյութեր հանրահայտ պատկերասրահներից, հավաքածուներից փոխառված գործեր, նկարիչների՝ տեղում պատվերով կատարած աշխատանքներ: «Նախաձեռնությունը համընկնում է Ֆրանկոֆոնիայի գաղափարին, որն ասում է, թե պետք է ապրել միասին: Ցուցահանդեսը մշակույթների փոխանակման հնարավորություն է տալիս»,-շեշտեց նա և հավելեց, որ միջոցառումների շրջանակում կարելի է տեսնել ժամանակակից արվեստ, առաջադեմ արվեստ:

«Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան-2018»-ը արվեստի աշխարհին հայտնում է, թե ինչ է նշանակում ձևավորել նկարիչների երևակայական աշխարհում ծնվող նոր առասպելական համակարգ. մի աշխարհ, որին նայում են սոցիալական ծագման տեսանկյունից, անհատական մոտեցմամբ:

Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն «Ժամանակակից արվեստի հնչյունային սահմանները», «Ժամանակակից արվեստի բաց հնչյունները» ծրագրերը և այլ նախաձեռնություններ:

Ցուցադրություններ կանցկացվեն Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ՀայԱրտ մշակութային կենտրոնում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում: Ցուցահանեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը:


© 2009 ARMENPRESS.am