Սևանա լճում կեղտաջրերի մաքրման համակարգերի տեղադրման համար նախարարությունը մշակում է ծրագիր

12:33, 28 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ մշակել է ծրագիր` Սևանա լճում կեղտաջրերի մաքրման համակարգերի տեղադրման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Պետք է սահմանափակել կեղտաջրերի մուտքը Սևանա լիճ: Առաջին քայլը բնակավայրերից կենտրոնացված կեղտաջրերի մաքրման կայանների վրա կենսաբանական մաքրման լրացուցիչ կարողությունների հիմնումն է: Երկրորդը ափամերձ տարածքներում գործող սպասարկման կենտրոններին լոկալ մաքրման կայանների տեղադրման պահանջն է: Մենք դա արդեն նախաձեռնել ենք»,-ասաց նախարարն ու հավելեց` կա տեղական կազմակերպություն, որ պատրաստ է այդ պահանջարկը բավարարել:

Առաջիկայում բոլոր տնտեսավարողները առանց կեղտաջրերի մաքրման համակարգի չեն կարող Սևանա լճի ավազանում շարունակել իրենց գործունեությունը: «Նախարարությունը Համաշխարհային բանկի հետ մշակել է ծրագիր` մոտ հիսուն մլն դոլարի շրջանակում: Դրա շրջանակում զգալի միջոցներ պետք է նախատեսվեն այդ կեղտաջրերի մաքրման համակարգերի տեղադրման համար»,-նշեց Գրիգորյանը:

Ափամերձ տարածքների մաքրումը նախարարը ևս էական աշխատանք համարեց:


© 2009 ARMENPRESS.am