Զոհրաբ Մնացականյանն ու Թորբյորն Յագլանդը բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի արդյունավետ համագործակցությունը

11:24, 28 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, քննարկել են ԵԽ-ին Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի արտգործնախարարը ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորություններին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, նոր կառավարության ծրագրային առաջնահերթություններին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ բանակցային գործընթացի առաջմղման համար կարևորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարումը:


© 2009 ARMENPRESS.am