Արա Բաբլոյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան գոտու գործադիր փոխնախագահին

15:53, 27 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան գոտու գործադիր փոխնախագահ Մալիկա Գենտոտիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Գորգիսյանը:

Խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանի գնահատմամբ` հանդիպումը հատկապես կարեւոր է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության՝ քաղաքական եւ տնտեսական համագործակցության ամրապնդման լույսի ներքո:

Խոսելով «Վեոլիա ջուր» ընկերության ընթացիկ գործունեության մասին` կողմերն արձանագրել են, որ առկա խնդիրները պետք է լուծվեն պայմանագրային դրույթներից բխող պարտավորություններով, իսկ դրանցում առկա պարզաբանման ենթակա հարցերը կարգավորվեն բանակցությունների ու քննարկումների միջոցով:

Խորհրդարանականները հատկապես փաստել են, որ աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 80 բիզնես միավոր ունեցող «Վեոլիա ջուր» ընկերության ներկայությունը Հայաստանում, պետություն-ընկերություն հաջողված համագործակցությունը պետք է հանդիսանան արտաքին ներդրումներ ներգրավելու եւ ներդրումային վստահելի միջավայր ունենալու լավ օրինակ: 


© 2009 ARMENPRESS.am