Վիլնյուսի միջազգային դպրոցում կայացել է հայոց լեզվին նվիրված միջոցառում

11:39, 27 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 26-ին Վիլնյուսի միջազգային դպրոցում նշվել է Լեզուների եվրոպական օրը, որն այս տարի նվիրված էր հայոց լեզվին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լիտվայում ՀՀ դեսպանությունից,  միջոցառման կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Լիտվայում ՀՀ դեսպանությունը՝ ի դեմս նույն դպրոցի աշակերտ Վարդան Մկրտչյանի և Վիլնյուսի Կառավարման և տնտեսագիտության համալսարանի (ISM) ուսանողուհի Մալվինա Գրիգորյանի։

Եվրոպական լեզուների օրվա շրջանակներում դպրոցի տարբեր տարիքային խմբերի աշակերտների համար ցուցադրվել են ճանաչողական ֆիլմեր հայոց լեզվի և հայկական մշակույթի մասին, նախադպրոցական տարիքի երեխաների համար կազմակերպվեցին խաղեր, մուլտֆիլմերի դիտումներ և հայկական ազգային երգուպարի դասընթացներ։

Միջոցառման մեկնարկն ազդարարել են դպրոցի տնօրեն Ռեբեկա Յուրասը և Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դեսպանն իր խոսքում հակիրճ անդրադարձ է կատարել օրվա խորհրդին և ներկայացրել հետաքրքիր փաստեր հայոց գրերի ստեղծման և լեզվի զարգացման փուլերի մասին։


© 2009 ARMENPRESS.am