ԿԳՆ-ում քննարկվել են փորձագիտական աջակցության հիմնական ուղղությունները

16:23, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում սեպտեմբերի 26-ին հանդիպում է կայացել Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ, որը գլխավորել է Հայաստանում ԱԶԲ տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի «Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրի» տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր:

Նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ Ասիական զարգացման բանկը երկար տարիներ աջակցում է կրթության ոլորտի զարգացման ծրագրերին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ներկայիս համագործակցությունն առավել թիրախային և արդյունավետ կլինի՝ ոլորտի զարգացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում նախանշվել են այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ ակնկալվում է բանկի փորձագիտական աջակցությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բանկի կողմից առաջարկվող աջակցության հիմնական ուղղություններին, այն է՝ փաստերի վրա հիմնված կրթության քաղաքականության ձևակերպում, ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում, հանրակրթության ղեկավարում և կառավարում, ինչպես նաև ծրագրային բյուջետավորում:


© 2009 ARMENPRESS.am