Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Լեզուների Եվրոպական օր-2018» ամենամյա միջոցառումը

14:19, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Լեզուների Եվրոպական օր-2018» ամենամյա միջոցառումը, որի նպատակն է ներկայացնել ԵՊԼՀ-ում դասավանդվող 22 օտար լեզուները և այդ լեզուների ուսումնասիրման հնարավորությունները:

ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանի խոսքով՝ միջոցառումը կարևորվում է նրանով, որ հրավիրված են տարբեր ավագ դպրոցների աշակերտներ, որոնք մանրամասն իրազեկվում են օտար լեզուներ ուսումնասիրելու հնարավորությունների մասին:

«Միջոցառումը կազմակերպվել է ԵՊԼՀ-ում, որովհետև այստեղ դասավանդվում են շուրջ 22 օտար լեզուներ: 22 տաղավարներում ներկայացված են տվյալ լեզուներին տիրապետելու դեպքում ընձեռվող հնարավորությունները, լեզվի պատմությունն ու մշակույթը: Կան մի քանի այլ մասնագիտական տաղավարներ, ինչպիսիք են տուրիզմը, լրագրությունը և այլն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Լևոն Բաբամյանը:

Վերջինիս հավաստմամբ՝ կազմակերպիչները տաղավարներում ներկայացնում են լեզուների կարևորությունը, երիտասարդների ու դեռահասների ուշադրությունը սևեռում լեզուներ սովորելու անհրաժեշտության վրա:

ԵՊԼՀ-ում «Լեզուների Եվրոպական օր» ամենամյա միջոցառումն իրականացվում է 2004 թվականից ամեն տարի սեպտեմբերի 26-ին:

 


© 2009 ARMENPRESS.am