Ոստիկանությունը և քննչական կոմիտեն առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստում են 53 նյութ

18:12, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում սեպտեմբերի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ շարունակվում են ուսումնասիրվել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ուսումնասիրվել է, ընդհանուր առմամբ, մամուլի 90  հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով: Արձանագրվել է քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 161 դեպք: Դրանցից ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ են պարունակել և ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ստուգվել կամ ստուգվում են 203-ը: Այդ գործողությունների արդյունքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների փաստերը ճնշող մեծամասնության դեպքում արդեն իսկ հերքվել են:

Երևան քաղաքի դատախազության հանձնարարությամբ ոստիկանության և քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով 53 ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Դրանցից 21-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 12-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց, այդ թվում՝ երկու դեպքում ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 11-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 7-ը՝ ընտրողներին կաշառք տալուն, 1-ը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն և 1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքերին:

Դատախազությունը նախապատրաստվող նյութերի ընթացքի մասին պարբերաբար կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ:

 


© 2009 ARMENPRESS.am