ՊԵԿ-ը հայտնել է Իրանի քաղաքացու կողմից քանդակների տեսքով մեծ ծավալի թմրանյութի արտահանման փորձ կանխելու մասին

17:56, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները բացահայտել են մեծ ծավալի թմրանյութի արտահանման փորձ, երբ Իրանի քաղաքացին փորձել է թմրամիջոցից պատրաստված քանդակներ առաքել Ավստրալիա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Օրերս «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպք է բացահայտվել: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է նախնական 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված «մետամֆետամին» տեսակի թմրանյութից։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Իրանի քաղաքացի Ա.Ս.-ն փոստային ծառայության միջոցով թմրանյութից պատրաստված քանդակները Հայաստանից մաքսանենգ ճանապարհով փորձել է առաքել Ավստրալիա։ Պարզվել է նաև, որ վերջինիս աջակցել է ՀՀ քաղաքացի Ն.Ս.-ն։

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 


© 2009 ARMENPRESS.am