Առողջապահության նախարարությունը լրացուցիչ մանրամասներ է ներկայացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի վերաբերյալ

17:27, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահությունը լրացուցիչ տեղեկություններ է ներկայացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում այսօր տեղի ունեցած պայթյունի առնչությամբ լրացուցիչ տեղեկացնում ենք հետեւյալը. Պայթյունի հետեւանքով տուժած Թ.Ա.-ն անցել է անհրաժեշտ հետազոտություններ: Ունի ձախ թեւի թեթեւ վնասվածքներ: Ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

Ինչ վերաբերում է հիվանդանոցի թթվածնի արտադրության կայանի անվտանգությանը, ապա տեղեկացնենք, որ այն ամենամյա պարտադիր փորձաքննությունն անցել է այս հունիսին եւ ունի 1 տարվա աշխատանքի դրական եզրակացություն: Կայանում արտադրության եւ աշխատակիցների անվտանգությանն առնչվող որեւէ խնդիր չի եղել ու չկա. այն այս պահին էլ շարունակում է իր անխափան աշխատանքն ու հիվանդանոցին թթվածնի մատակարարումը:

Թթվածնի բալոնի պայթյունի պատճառը եղել է բացառապես լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջ-պայմաններին: Բալոնը չի պատկանել բուժհաստատությանը, իսկ տվյալ բալոնի` կայանում հայտնվելու հանգամանքն ու պայթյունի պատճառները եւ հանգամանքները ճշտվում են ոստիկանության կողմից:

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը»,- ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am