«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրել է կարճաժամկետ դիտորդական առաքելության եզրակացությունները
20:05, 24 Սեպտեմբեր, 2018ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի 95 ընտրական տեղամասերում և բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում: Միաժամանակ ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև առանձին դիտարկվող տեղամասերում առաջացող խնդիրների կանխման և լուծման նպատակով գործել են 17 դիտորդական շրջիկ խմբեր: Առաքելության մեջ ներգրավված է եղել շուրջ 230 դիտորդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքից, դիտարկված տեղամասերում ձեռք բերված տեղեկությունների համաձայն արձանագրվել է հետևյալ իրավիճակը:
Քվեարկության ընթացքում տեղամասերի ներսում
Ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեախցիկներից դուրս լրացնելու կամ ծրարի մեջ դնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 24%֊ում։ 2017թ․ այդպիսի դեպքեր եղել են 77%-ում: Քվեարկության խցիկ մի քանի անձի միաժամանակ մուտքի դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 10%֊ում։ Նույն խախտումը նախորդ տարի արձանագրվել է դիտարկված տեղամասերի 52%-ում: Ընտրողների կողմից քվեարկելուց հետո քվեարկության մասին որևէ մեկին տեղեկացնելու կամ ուղղակի բարձրաձայնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 32%-ում։ Դրանց մեծ մասը եղել են հեղափոխական կամ «Իմ քայլը» դաշինքի հետ կապված արտահայտություններ, օր՝․ «Քայլ արա», մերժիր Սերժին», «Նիկոլ, առաջ» և այլն, մի մասը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին և մեկը՝ «Օրինաց Երկիր» կուսակցության օգտին։ Նախորդ տարի նման դեպքեր գրանցվել էին տեղամասերի 37%-ում: Ստորագրված ընտրացուցակներին ծանոթանալու և այդ տեղեկատվությունը դուրս բերելու դեպքեր գրանցվել են դիտարկված 6 տեղամասում, որոնցից 6/52֊ում արձանագրվել է 4 անգամ։ Տեղամասերից մեկում ցանկերին ծանոթացել է «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, ևս 3-ում Ծառուկյան դաշինքից ներկայացված հանձնաժողովի անդամները։ Մեկ դեպքում ծանոթացել է ընտրողը՝ փնտրելով ընտանիքի անդամներին։ Նախորդ տարի այդպիսի դեպքեր գրանցվել են տեղամասերի 35%-ում: Քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձինք եղել են դիտարկված տեղամասերի 29%֊ում, որոնցից 8-ում եղել են դիտորդի համար անհայտ անձինք, 8 լրացուցիչ վստահված անձ և 7 ոստիկան, որոնք չեն եղել ընտրող և չեն հրավիրվել քվեասենյակ հանձնաժողովի նախագահի կողմից, 3 ավագանու թեկնածու։ Նախորդ տարի այլ անձանց ներկայություն արձանագրվել է դիտարկված տեղամասերի 28%-ում, իսկ հետագա ուսումնասիրությունից պարզվել է, որ քվեասենյակներում ներկա են եղել ԿԸՀ կողմից չհավատարմագրված դիտորդներ: Արդյունքում 2017թ․ քվեասենյակում գտնվելու իրավունք չունեցող անձինք նկատվել են դիտարկված տեղամասերի 37%֊ում։ Տեղամասում վկայականը տեսանելի չկրող անձինք նկատվել են դիտարկված տեղամասերի 23%-ում, և դա վերաբերել է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին։ 2017թ․ նման դեպքեր տեղի են ունեցել դիտարկված տեղամասերի 41 %-ում: Դիտորդների իրավունքների խախտումներ գրանցվել են դիտարկված տեղամասերի 12%֊ում, որը բացարձակ թվով հավասար է նախորդ տարվա ցուցանիշին, սակայն ակնհայտ է խախտումների վտանգավորության նվազումը։ Մասնավորապես՝ սպառնալիքներ դիտորդների նկատմամբ գրանցվել են երկու տեղամասում, որոնցից մեկը՝ նախկին ՀՀԿ աջակից, ներկայումս ԲՀԿ վստահված անձ ներկայացող անձի կողմից, մյուսը 3/19 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, որը դիտորդի արտաքին տեսքի պատճառով տեղամասում ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ վերջինս ստիպված է եղել լքել տեղամասը։ Նախորդ տարի քվեարկության օրվա ընթացքում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդների նկատմամբ սպառնալիքներ են եղել 5 տեղամասերում, իսկ 2 տեղամասում դիտորդներինկատմամբ կիրառվել էր բռնություն: Ընդհանուր առմամբ վիճաբանություններ գրանցվել են դիտարկված տեղամասերի 24%-ում, որոնց ոստիկանությունը հիմնականում չի միջամտել։ Նախորդ տարի վիճաբանություններ գրանցվել էին դիտարկված տեղամասերի 37%֊ում։ Տեղամասային կենտրոնից դուրս վիճաբանություն գրանցվել է դիտարկված տեղամասերի 5%֊ում՝ նախորդ 22%֊ի համեմատ։ Ինչպես նախորդ տարի, էլեկտրոնային գրանցման սարքի հետ կապված խնդիրներ գրանցվել են դիտարկված գրեթե բոլոր տեղամասերում:
Քվեարկության ընթացքում տեղամասերի շրջակայքում
Դիտարկված տեղամասային կենտրոնների 6%֊ի շուրջ կամ անմիջապես մուտքի մոտ առկա են եղել ընտրողներին որևէ կուսակցության/դաշինքի օգտին կողմնորոշող միջոցառումներ՝ ԲՀԿ֊ի, «Լույս» դաշինքի, ՀՅԴ֊ի, «Իմ Քայլը» դաշինքի և «Օրինաց Երկիր» կուսակցության վերաբերյալ։ Նախորդ տարի նման դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասային կենտրոնների 22%-ում՝ բացառապես ՀՀԿ֊ի օգտին: Մարդկանց խմբերով երթուղային տաքսիներով կամ այլ մեքենաներով տեղամասային կենտրոն տեղափոխելու 15 դեպք է նկատվել դիտարկված տեղամասերի 10%-ում։ Նախորդ տարի նմանատիպ բազմաթիվ դեպքեր նկատվել են դիտարկված տեղամասերի 33%-ում: Տեղամասային կենտրոնի հարակից տարածքում մարդկանց կուտակումներ նկատվել են դիտարկված տեղամասերի 13%֊ում։ Նախորդ տարի նման դեպքեր արձանագրվել էին դիտարկված ետղամասերի 40%֊ում։
Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում
© 2009 ARMENPRESS.am