Ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ

16:04, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափողական Դաշնակցության  Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գերագույն մարմնի հայտարարության մեջ նշված է, որ համաժողովրդական շարժմամբ պայմանավորված՝ ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունը թողեցին Երևանի ավագանու ընտրությունների թե՛ քարոզարշավի և թե՛ արդյունքների վրա։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները։    

Հարկ ենք համարում միաժամանակ փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում և ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են։

Ընդունելով ընտրությունների արդյունքները և հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին՝ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել մեր բոլորի երազած Երևանը իրականություն դարձնելու գործին։

Ցանկացած հաղթանակ պարտավորեցնող է, և այս առումով ուզում ենք հույս հայտնել, որ տպավորիչ հաղթանակ արձանագրած քաղաքական ուժը համարժեք պատասխանատվությամբ կմոտենա իրեն տրված մեծ վստահությանը»,- ասված է ՀՅԴ ԳՄ հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am