Տեխնիկական սարքերն ընտրական տեղամասերում 3 անգամ կարմիր ազդանշան են տվել

12:07, 23 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքերը մինչև 11:30-ը 3 կարմիր ազդանշան են տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:

«475 ընտրական տեղամասերից ընդամենը 3 տեղամասում է տեխնիկական վրիպակի պատճառով եղել կարմիր ազդանշան: Դեպքերից 2-ում կտրոնը չի տպվել, սակայն գրանցել է քաղաքացուն, մյուս դեպքում կտրոնը տպվել է ամբողջությամբ սպիտակ, սակայն դարձյալ ցույց է տվել, որ քաղաքացին գրանցվել է: Քանի որ 1 րոպեի ընթացքում ընտրողը սարքից հեռու չի գնացել, մեր դիտարկմամբ՝ այստեղ որևէ խախտում չկա, և ընդամենը տեխնիկական խնդիր է: Քաղաքացիներին ընտրելու հնարավորություն է տրվել, բայց ամեն դեպքում փաստերի վերաբերյալ ոստիկանությունը կազմել է համապատասխան արձանագրություն»,- նշեց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ սարքերի աշխատանքի խափանումների նաև այլ դեպքեր են արձանագրվել:

«Քվեարկության նախորդ օրը 6 սարք փոխարինվել են, հիմնական խնդիրը եղել է տպիչի փակիչի հետ կապված: Մինչև այս պահը մենք փոխարինել ենք 5 տեխնիկական սարքավորում, որոնցից 4-ը տպիչի փակիչի հետ կապված, 1-ը՝ փաստաթղթերը կարդալու հատվածի անսարքություն է ունեցել: Բոլոր խնդիրներն անհապաղ լուծում են ստանում»,- ասաց նա:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կազմավորված 475 տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործարկվել են 1380 տեխնիկական սարքավորում: 403-ում գրանցումն իրականացվում է 3 տեխնիկական սարքավորումներով, 44 տեղամասերում՝ 2-ով, և միայն մեկ տեղամասում 1 սարքավորումով. այդտեղ ընտրողների թիվը 500-ից պակաս է:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի:  Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:


© 2009 ARMENPRESS.am