ԿԸՀ-ն մինչև քվեարկության օրը ընտրությունների վերաբերյալ դիմում-բողոք չի ստացել

10:56, 23 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 23-ը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ որևէ դիմում-բողոք չի ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:

«Մինչև քվեարկության օրը որևէ դիմում-բողոք ԿԸՀ-ն չի ստացել: Ստացել ենք առաջարկություն, բազմաթիվ հեռախոսազանգեր ու նամակներ: Միայն թիվ 4 տեղամասային ընտրատարածքին ուղղված ընդամենը մեկ դիմում ենք ունեցել, որին անմիջապես լուծում է տրվել»,- ասաց Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ իրենք տարբեր թեմաների վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ են ստացել:

«Ներկայացված հարցադրումների մեծ մասը վերաբերում էր նրան, թե ինչպես կարելի է քվեարկել Հանրապետության տարածքից դուրս գտնվելով: Տեղեկացվել է, որ քաղաքացին պետք է լինի Երևանում, որպեսզի կարողանա մասնակցել քվեարկությանը: Բազմաթիվ հարցադրումներ ենք ունեցել ցուցակների հետ կապված, որոնք հասցեագրված են եղել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը»,- նշեց նա:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի:  Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:

 


© 2009 ARMENPRESS.am