Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:17, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին:  

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ  համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է հարկային ոլորտում բարեփոխումների իրականացումը, որոնք միտված են հարկային քաղաքականության պարզեցմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների խթանմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարության նպատակն է տնտեսության ոլորտում կառուցվածքային փոփոխությունները, որոնց լոկոմոտիվը կլինի բարձր տեխնոլոգիական արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով և շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:

             


© 2009 ARMENPRESS.am