Երևանցի 2 հազար աշակերտներ Հանրապետության հրապարակում կավճանկարով խորհրդանշեցին ՀՀ Անկախության տոնը

16:54, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ: 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ: ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հանրապետության հրապարակում կայացավ կավճանկարչության միջոցառում, որին մասնակցեցին 2000 աշակերտներ Երևանի տարբեր դպրոցներից: Նրանք գույնզգույն կավիճներով զարդարեցին հրապարակը՝ նկարելով տարբեր պատկերներ:

12-ամյա Կարինեն եկել էր նկարելու Սիսն ու Մասիսը, ինչին նախապես պատրաստվել էր տանը: «Ուզում եմ, որ Սիսն ու Մասիսը նորից մեր հողում լինեն: Հուսով եմ, որ հաջորդ տարի այս օրը էլ չեմ նկարի գետնին, այլ ինքս կնկարվեմ Մասիսի ֆոնին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կարինե Հովհաննիսյանը:

Իսկ 5-ամյա Արսենը, որ դեռ գրել-կարդալ չգիտի, մայրիկի օգնությամբ պատկերեց ՀՀ դրոշը ու գրեց եղբոր անունը, որը ծառայում է ՀՀ զինված ուժերում:  «Երբ մեծանամ, անպայման գնալու եմ բանակ, որ եղբորս նման պաշտպանեմ հայրենիքս: Մայրիկս ասում է, որ մեր խաղաղ ապրելու ու անկախության համար պարտական ենք ամեն զինվորի»,- հավելեց Արսեն Մակարյանը:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը՝ հռչակված 1991թվականին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Այս օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներն անցկացվում են «Դու անկախ ես» կարգախոսի ներքո:


© 2009 ARMENPRESS.am