Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ

10:45, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ Անսահման հպարտություն է հայոց պետականության նվիրական արժեքի գիտակցումը։

Խորհրդանշական այս օրն աշխատակազմիս հետ անցկացնելու ենք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծության հետ կապված փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այս փաստը պետք է դառնա քննարկման առարկա մարդու իրավունքների ոլորտի միջազգային ատյաններում։ Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված։

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի առավելագույն հնարավորություններով ձեռնարկել և ձեռնարկելու եմ բոլոր ջանքերը մեր երկրում իրավունքների հուսալի պաշտպանությանն ու ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելու համար՝ որպես հզոր պետականության երաշխիք»։

 


© 2009 ARMENPRESS.am