Հայաստանն այսօր իր կարևոր տեղն ունի աշխարհի ՏՏ քարտեզի վրա  

10:10, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Հայաստանի պատմության մեջ մի շարք ոլորտներում մեր երկիրը նշանակալի հաջողություններ է արձանագրել: Դրանցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որտեղ վերջին 27 տարիներին Հայաստանի հաջողությունները ամենաակնհայտներից են: Այն, որ Հայաստանը ՏՏ ոլորտի առումով հայտնվեց աշխարհի քարտեզի վրա, և այն փաստը, որ մեր երկիրը ճանաչելի դարձավ համաշխարհային կազմակերպությունների  համար, գաղտնիք չէ:

 Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշում է, որ Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ հնարավոր է ոչ միայն տալ պատվերներ, այլև ստանալ ՏՏ լուծումներ: «Այսօր Հայաստանում գործունեություն են ծավալում աշխարհում լավագույն ներդրումային հիմնադրամները, լավագույն կազմակերպություններն ու հետազոտական ընկերությունները»,-ասաց նա:

Բագրատ Ենգիբարյանը վստահեցնում է՝ Հայաստանը կարող է տեխնոլոգիական զարգացմամբ  մրցունակ երկիր դառնալ: «Մենք պետք է որակական նոր աստիճանի բարձրացնենք այդ ոլորտում մեր կրթությունը, մեր շրջանավարտներին օգնենք,  որպեսզի դիմեն մագիստրոսական, ասպիրանտուրական ավելի բարդ խնդիրների լուծող  ծրագրերի: Պետք է ոլորտի  շեշտադրումը դնել նաև ճարտարագիտության մեջ»,-վստահեցրեց նա:


© 2009 ARMENPRESS.am