Հրազդանում չարաշահումները, նախնական տեղեկություններով, հատել են եռանիշ թվի սահմանը

22:06, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աուդիտորական ընկերությունն ուսումնասիրություն է կատարում Հրազդան քաղաքում  կատարված չարաշահումները բացահայտելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հրազդան քաղաքում  կատարված չարաշահումները, նախնական տեղեկություններով, հատել են եռանիշ թվի սահմանը:

Անդրադառնալով այլ համայնքներում կատարված չարաշահումներին՝ նախարար Պապիկյանն ասաց, որ խնդիրներ կան նաև Էջմիածին քաղաքում, պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններն այնտեղ ավարտել է, շուտով դրանց մասին համապատասխան եզրակացություն կտան: «Արմավիր քաղաքում խնդիր էր առաջացել ջրամատակարարման, ոռոգման ցանցի հետ կապված, այնտեղ կային գեներատորներ, որոնք համապատասխան պահին առկա չեն եղել վարչական վերահսկողության ուսումնասիրությունների ընթացքում, տնտեսավարողը պարզաբանել էր`այս պահին դրանք այլ տեղում են գտնվում: Երեկվա դրությամբ արդեն իսկ համակարգը վերականգնված է, մնում է էլեկտրականության ու սնուցող միջոցների միացումը և համակարգի վերագործարկումը»-ասաց նա:


© 2009 ARMENPRESS.am