Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կոնգոյի նորանշանակ դեսպանը

13:32, 19 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոնգոյի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիդ Մադուկան (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հետագա հաջողություններ մաղթել: Նա համոզմունք է հայտնել, որ Դավիդ Մադուկան ՝ որպես Հայաստանում Կոնգոյի առաջին դեսպան, իր նպաստը կբերի երկկողմ եւ բազմակողմ հարթակներում Հայաստանի եւ Կոնգոյի միջեւ համագործակցության զարգացմանը:

Դեսպան Մադուկան իր հերթին վստահեցրել է, որ լուրջ ջանքեր կներդնի՝ փոխշահավետ գործակցության ներուժը արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին, նշվել է, որ այն կազմակերպությունների անդամ երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնման լավ հնարավորություն է: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ կլինի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում հյուրընկալելու Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգուեսոյին:

© 2009 ARMENPRESS.am