ԱՄՆ-ը եւ Լեհաստանը պայմանավորվել են ամրապնդել ռազմական համագործակցությունը

11:01, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Լեհաստանի նրա պաշտոնակից Անջեյ Դուդան պայմանավորվել են ամրապնդել ռազմական համագործակցությունը եւ խորացնել կապերը երկու երկրների հետախուզության եւ իրավապահ մարմինների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը Լեհաստանի նախագահի այցի արդյունքների վերաբերյալ սեպտեմբերի 18-ին տարածել Է Սպիտակ տունը:

«Այս գործընկերությունը կենսականորեն անհրաժեշտ Է աճող սպառնալիքների լույսով, ինչպիսիք են՝ Ռուսաստանի ագրեսիվ գործելակերպը, զանգվածային բնաջնջման զենքի տարածումը, ահաբեկչությունը, անօրինական ներգաղթը եւ լարվածությունը Մերձավոր Արեւելքում»,-նշել են ԱՄՆ-ի եւ Լեհաստանի ղեկավարները համատեղ հայտարարության մեջ:

Հուլիսին Դուդան եւ Թրամփը ՆԱՏՕ-ում Բրյուսելի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկել Էին Լեհաստանում ամերիկյան զորքերի ներկայության ընդլայնման հարցը: Նույն ամսում ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը հայտարարել Էր, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում Է Լեհաստանի տարածքում ամերիկյան զորքերի մշտական տեղակայման վերաբերյալ Վարշավայի առաջարկությունը, սակայն վերջնական որոշում առայժմ չի ընդունվել:

Ներկայում Լեհաստանում ռոտացիոն հիման վրա տեղաբաշխված Է ամերիկյան տանկային բրիգադ՝ մոտավորապես 3,5 հազար զինծառայողներով: Երկրի տարածքում տեղակայված Է նաեւ ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակը՝ մոտավորապես 1000 զինծառայողներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am