ՀՀ ԶՈՒ-երի և ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր
21:36, 18 Սեպտեմբեր, 2018Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանն ուսումնական կետում հետևել են նաև ըստ պայմանական սցենարի ցուցադրական հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքին:
Կառավարության ղեկավարը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար և մաղթել առողջություն ու խաղաղ ծառայություն:
«Մարտական դիրքեր այցելելու առաջին նպատակն է տեղում իրավիճակին, զինվորների ծառայության պայմաններին ծանոթանալը, օպերատիվ իրավիճակի մասին պատկերացում կազմելը: Ամեն ինչ կարգին է, ըստ էության կարող ենք վստահաբար ասել, որ և՛ Հայաստանի զինված ուժերի, և՛ պաշտպանության բանակի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է: Հոգով, սրտով մշտապես զինծառայողների հետ ենք, այնպես որ պետք է դուխով լինենք, մեր զույգ պետությունների և մեր միասնական ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծենք»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը ժամանել է Երևան:
© 2009 ARMENPRESS.am