Վրաստանում հավատարմագրված դեսպաններին ներկայացվել են ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները. նրանք այցելել են Ծիծեռնակաբերդ

12:43, 16 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է  Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների, ում այցը Հայաստան կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ նման այցերը կլինեն պարբերական և կխթանեն բարեկամական երկրների հետ համագործակցության հետագա խորացումը։

ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու գերակայությունները։ 

 Նույն օրը դեսպաններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։


© 2009 ARMENPRESS.am