«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բազմապրոֆիլ ու Հայաստանում եզակի մասնաշենքը բացեց դռները

13:45, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր ձևաչափով Հայաստանում եզակի, բազմապրոֆիլ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը  սեպտեմբերի 14-ին հանդիսավորությամբ բացեց դռները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, դեսպաններ, առողջապահական կազմակերպիչներ, բարերարներ:

[gallery id= 61311]

«Առողջապահության նախարարություն գերակա խնդիրն է որակյալ բուժօգնության ապահովումը: Շենգավիթ բժշկական կենտրոնի այս մասնաշենքը համապատասխանում է ժամանակակից պահանջներին և հագեցված է բարձրակարգ բուժօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ սարքավորումներով, հարմարավետ հիվանդասենյակներով»,-բացման խոսքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը մրցունակ է եվրոպական, և ամերիկյան առաջատար կլինիկաների հետ:

Կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանի խոսքով՝ «Շենգավիթ » բժշկական կենտրոնը երկար տարիներ սպասել այս օրվան: «Ուրախ ենք, որ այսօր ունենք գերժամանակակից բժշկական կենտրոն՝ համապատասխան սարքավորումներով և կառավարման նոր տեխնոլոգիաների ներդրմամբ»,-ասաց Ուռումյանը:

ՀՀ վարչապետը շրջեց բժշկական կենտրոնով, ծանոթացավ իրականացված աշխատանքներին:

Բուժկենտրոնի նոր մասնաշենքի կառուցման նախագիծը կազմվել և հաստատվել է 2008 թվականին: Այն հնարավոր եղավ կյանքի կոչել ՌԴ հայտնի գործարար Բաբիկ Շահնազարյանի կողմից կատարված ներդրման, ինչպես նաև ԱՄՆ բարերար Պետրոս Կոջյանի շնորհիվ: «Շենգավիթ» կլինիկան աշխատում է «Հարմարավետություն և անհատական մոտեցում այցելուին» սկզբունքով: Այն հագեցված է հանրահայտ բուժտեխնիկա արտադրող եվրոպական ընկերությունների լավագույն , գերժամանակակից սարքավորումներով, բազմապրոֆիլ բաժանմունքներով, որոնք ապահովում են հետազոտությունների, միջամտությունների, վիրահատությունների ողջ ծավալը:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am