Վրաստանում հավատարմագրված դեսպանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին

12:16, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպանները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատվիրակության անդամները  եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Հայ և ֆրանսիացի ժողովուրդները մշտապես սերտ և մտերիմ հարաբերություններ ունեն: Ինձ համար շատ հաճելի է Հայաստան այցելությունը: Ես շատ տպավորվեցի հատկապես այս հուշահամալիր այցից»,- ասաց Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկան Մոնիյեն:

Պատվիրակության կազմում կան ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Չինաստանից, Իրանից, Էստոնիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Լեհաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից:


Նախատեսվում են նաև այցելություններ Մատենադարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Դեսպանները հանդիպելու են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

[gallery id= 61310]

© 2009 ARMENPRESS.am