«Գյումրու օր» միջոցառման իրականացման համար համայնքի միջոցներից 8 մլն դրամ է ծախսվելու

21:42, 11 Սեպտեմբեր, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ավագանին սեպտեմբերի 11-ին կայացած հերթական նիստի ժամանակ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց երկրաֆիզիկոս, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության հիմնադիր Սերգեյ Նազարեթյանին: Ավագանու մեկ այլ որոշմամբ` Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց գյումրեցի ծանրորդ, Եվրոպայի, աշխարհի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին։ Նա 1992 թվականին Բարսելոնայի օլիմպիական խաղերի եռակի ռեկորդակիր է։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետմահու Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց նաև շվեյցարացի բարերար Լեոնարդո Գմյուրին։ Լեոնարդո Գմյուրը 1988 թվականի երկրաշարժից հետո՝ մինչեւ 2005 թվականը ՀՀ-ում, այդ թվում՝ աղետի գոտում եւ Գյումրիում իրականացրել է բարեգործական ծրագրեր՝ կառուցելով բնակելի տներ, մանկապարտեզներ, դպրոցներ, մանկատներ։ Շվեյցարացի բարերարը մահացել է 2005 թվականի մարտի 10-ին՝ ավտովթարից։ Կոչումների շնորհման վկայագրերը հանձնվելու են Գյումրու օրվան նվիրված տոնակատարության ընթացքում, որը կայանալու է սեպտեմբերի 30-ին։
Այս հարցերից բացի, Գյումրու ավագանու հինգերորդ նստաշրջանի առաջին նիստին ավագանին քննարկեց ևս 27 հարց: Առանձնացվել է «Գյումրու օր» տոնակատարությանը նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման նպատակով հատկացվող գումարի մասին հարցը: «Գյումրու օր« տոնակատարությունների կազմակերպման եւ իրականացման համար ավագանին միաձայն որոշեց համայնքի միջոցներից 8 մլն դրամ հատկացնել:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am