ՕԵԿ-ը համացանցում տարածված ձայնագրության կապակցությամբ զորակցություն է հայտնել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին

18:46, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց  երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում  մի կողմից մտահոգություն է հայտնել, իսկ մյուս կողմից՝ զորակցություն արտահայտել ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին` այսօր համացանցում հայտնված գաղտնալսման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել գաղտնալսման հեղինակներին բացահայտելու առնչությամբ, որով փորձ է արվում հարված հասցնել երկրի ուժային կառույցների հեղինակությանը և ազդել երկրում սկիզբ առած կարևորագույն և աղմկահարույց բացահայտումների վրա:

Միևնույն ժամանակ կուսակցությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնում կառավարությանը և իրավապահ մարմինների ղեկավարներին ու աշխատակիցներին, կոչ անելով հետևողականորեն շարունակել մարտի 1-ի լիակատար բացահայտման, երկիրը կողոպտած, կոռուպցիայի, թալանի և գանձագողության մեղավորների հայտնաբերման և պատասխանատվության կանչելու գործում: Հույս ենք հայտնում, որ այս դիպվածը էլ ավելի նպատակային կդարձնի մեր ողջ իրավապահ համակարգի գործունեությունը քրեական և կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու համար»:


© 2009 ARMENPRESS.am