Գիտական աստիճանաշնորհման համակարգի խնդիրների լուծման գործում ներգրավվելու են արտասահմանի բուհերի հայ պրոֆեսորներ

14:27, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն որակավորման կոմիտեն գիտական աստիճանաշնորհման համակարգի խնդիրների լուծման աշխատանքներում ներգրավելու է նաև արտասահմանի բուհերի հայազգի ասիստենտ-պրոֆեսորների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը:

«Ցանկանում ենք բարելավել գիտական աստիճանաշնորհման ներկայացվող ատենախոսությունների որակը և հայցորդի նկատմամբ ներկայացվող պահանջները: Այդ նպատակով նախատեսում ենք ներգրավել վերջին տարիներին Հայաստանից արտագաղթած և արտասահմանյան համալսարաններում ասիստենտ-պրոֆեսորի կարգավիճակ ստացած գիտնականներին: Նրանք այնտեղի չափանիշները կբերեն Հայաստան: Նրանք, մեր հայցորդներին ներկայացնելով արտերկրի փորձը, թույլ կտան առաջ գնալ»,-ասաց Գոգյանը:

ԲՈԿ-ը նախատեսում է հասարակական հիմունքներով նախաձեռնել և խրախուսել նաև սեմինարների անցկացումը, որտեղ գիտնականներն ասպիրանտներին կներկայացնեն, թե ինչ է իրականում գիտական հետազոտությունը: ԲՈԿ նախագահի կարծիքով՝ այսօր Հայաստանում պաշտպանող հայցորդների և ասպիրանտների մեծ մասը չի հասկանում, թե իրականում ինչ է գիտական հետազոտությունը: Իսկ ատենախոսությունների վատ որակը կապեց հիմնականում ոչ թե հայցորդի մտավոր ունակության, այլ գիտական ղեկավարի հետ, որը հայցորդին չի բացատրում, թե ինչ է  նշանակում հետազոտություն:

ԲՈԿ-ը ստեղծել է աշխատանքային խմբեր, որոնց հետ համագործակցության արդյունքում պետք է մշակեն մասնագիտական խորհուրդների ձևավորման ձևաչափերը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի սկզբից ԲՈԿ-ը դադարեցրել է մասնագիտական խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանության ընդունելու գործընթացը՝ այնտեղ ստուգումներ իրականացնելու նպատակով:


© 2009 ARMENPRESS.am