«Ելման կետ». մեկ տասնամյակ շարունակ ուռճացված աշխատավարձերը Հայաստանում խորացրել են աղքատության մակարդակը

15:42, 4 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տնտեսության զարգացման նոր հայեցակարգի ներդրմանն ընդառաջ անհրաժեշտ է գնահատել նախկին իշխանության թողած ժառանգությունը և ամփոփել գործող իշխանության գործունեության մեկնարկային պայմանները: Որպես «Ելման կետ» դիտարկենք Հայաստանում աշխատավարձի, աղքատության, զբաղվածության և գործազրկության դինամիկան:

Վերջին տասնամյակում Հայաստանում անվանական աշխատավարձը հսկայական աճ է գրանցել, մինչդեռ գնաճով ճգրտված աշխատավաձը չնչին փոփոխության է ենթարկվել։ 2017-ին 2007-ի համեմատ անվանական աշխատավարձն աճել է 168%-ով՝ կազմելով 195,074 ՀՀ դրամ, իսկ գնաճով ճշգրտված աշխատավարձն աճել է ընդամենը 27%-ով՝ մոտ 20,000 ՀՀ դրամով։ Անվանական և գնաճով ճգրտված աշխատավարձի միջև ճեղքը բավականին մեծ է, ինչը վկայում է այն մասին, որ տարիների ընթացքում անվանական աշխատավարձն աճել է առաջանցիկ տեմպերով՝ չնչին կերպով բարելավելով վարձու աշխատողի կյանքի որակը:

2013թ.-ից սկսած անվանական աշխատավարձը կտրուկ աճ է գրանցել, ինչը պայմանավորված է եղել «Եկամտային հարկի» մասին օրենքին համապատասխան անվանական աշխատավարձի հաշվարկի մեթոդաբանության մեջ կատարված փոփոխությամբ։ Ըստ այդմ՝ անվանական աշխատավարձի մեջ ներառվել են նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներն, ինչն էլ ավելի է ուռճացրել այս ցուցանիշը։ 

2008 - 2016թթ.-ին աղքատության մակարդակը միջինում կազմել է  31.5%:  2016 թ.-ին ՀՀ բնակչության թվի մեջ աղքատների թիվը 2008թ-ի համեմատ աճել է մոտ 16%-ով, մինչդեռ բնակչության թիվը նույն ժամանակաշրջանում նվազել է 3.5%-ով։ 2016թ.-ին բնակչության մոտ 30 %-ը՝ 880 հազար մարդ, համարվել է աղքատ, այդ թվում՝

Աղքատության հաղթահարման ուղիներից մեկը զբաղվածության մակարդակի բարձրացումն է, մինչդեռ ՀՀ-ում վերջին տասնամյակում նկատվել է ոչ թե զբաղվածության, այլև գործազրկության մակարդակի աճ. 2008 - 2017թթ.-ին գործազրկության մակարդակը միջինում կազմել է 17.8%: Վերջին 10 տարիներին գործազրկության մակարդակի միտումը միանշանակ չի եղել, ինչի հետևանքով  հնարավոր չէ գալ որևէ եզրահանգման՝ դիտարկելով միայն այդ ցուցանիշը։ Այսպիսով, անհրաժեշտ է գործազրկության մակարդակի հետ համատեղ դիտարկել նաև տնտեսապես ակտիվ բնակչության (գործազուրկներ և զբաղվածներ) ցուցանիշը.

Վիճակագրությունը հուշում է, որ վերջին տասնամյակում գործազուրկների թվաքանակի նվազումը պայմանավորված է եղել ոչ թե գործազուրկներին աշխատանքի տեղավորմամբ, այլ նրանց արտագաղթով՝ նրանք հեռացել են հանրապետությունից այլ երկրներում  աշխատանք գտնելու նպատակով: Այս ընթացքում նվազել է ոչ միայն գործազուրկների, այլ նաև զբաղվածների թվաքանակը՝ 171 հազարով։ Զբաղվածների թվի նվազման պատճառներից մեկը ոչ ճկուն «մաքուր»  աշխատավարձն է, ինչը նույնպես արտագաղթի խթանման նախապայման է  հանդիսացել։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած ներառական տնտեսական աճն, ըստ էության, պետք է միտված լինի տարիներ շարունակ կուտակված և խորացած այս խնդիրների լուծմանը: Տնտեսական աճը պետք է դրսևորվի ոչ թե միայն թվային արտահայտությամբ, այլ այն պետք է դրականորեն ազդի բնակչության իրական եկամուտների և կյանքի որակի բարելավման վրա: 

Ինգա Ղալայան

 

 


© 2009 ARMENPRESS.am