Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի և այլ երկրների կրթական համակարգերը համեմատելը ճիշտ չի համարում

14:49, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի կամ այլ երկրների կրթական համակարգերը համեմատելի չի համարում, քանի որ դրանք ձևավորվել են տարբեր միջավայրերում և ունեն տարբեր կրթական պատմություն: Նրա կարծիքով՝ մեր համակարգը պետք է համեմատել անցյալի հետ և ստեղծել յուրօրինակը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահը նման կարծիք հայտնեց՝ պատասխանելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի փոքրիկ լրագրողներից մեկի՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի կրթական համակարգերը համեմատելու հարցին:

«Ես ծանոթ եմ շատ երկրների կրթական համակարգերին: Սակայն կարծում եմ, որ Հայաստանի և մեկ այլ երկրի կրթական համակարգերը համեմատելը ճիշտ չի լինի, քանի որ դրանք տարբեր միջավայրերում են, ունեն տարբեր տնտեսական հնարավորություններ և տարբեր կրթական պատմություն: Մեր կրթական համակարգը ավելի քան 70 տարվա պատմություն ունի և գալիս է խորհրդային համակարգից: Այն կանոնների և ձևաչափի կազմակերպման համակարգ է»,-ասաց նախագահը:

Նրա կարծիքով՝ խորհրդային համակարգը նույնպես դպրոց է, և նորը կառուցելու համար պետք է իմանալ, թե ինչ կա աշխարհում և ինչ է եղել այդ երկրում անցյալում:

 Նախագահ Արմեն Սարգսյանը դպրոցականների համար մեծապես կարևորեց ժառանգության պահպանումը: «Շատ կարևոր է, որ ժառանգությունը պահպանվի նաև կրթական ոլորտում: Չէի ուզենա համեմատել բրիտանական, ռուսական կամ այլ կրթական համակարգը մեր համակարգի հետ: Մենք պետք է ստեղծենք մերը՝ յուրօրինակը»,-ասաց նա ու հավելեց՝ մեզ պետք է համեմատենք մեր անցյալի հետ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուսումնական տարվա առաջին օրն այցելել էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Նախագահը ծանոթացել է կրթահամալիրի աշխատանքին, անձամբ շփվել սաների հետ, պատասխանել նրանց հարցերին:


© 2009 ARMENPRESS.am