Դիմող քաղաքացիներին մարտի 1-ի գործով տուժող ճանաչելու հարցում ողջամտության սահմաններ կան. Սասուն Խաչատրյան

15:27, 30 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անդրադարձավ լուրերին, թե այս օրերին տարբեր քաղաքացիներ մարտի 1-ի գործով տուժող ճանաչվելու հարցով դիմում են ծառայություն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետն ընդգծեց, որ ֆորմալ առումով յուրաքանչյուր քաղաքացի, ում պատճառվել է բարոյական կամ նյութական վնաս, կարող է դիմել և ստանալ տուժողի կարգավիճակ, սակայն հավելեց, որ կան ողջամտության սահմաններ:

«Եթե մենք շարժվենք այդ տրամաբանությամբ, որ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ում ազատ տեղաշարժի կամ հավաքներ կազմակերպելու իրավունքը խախտվել է, տանք տուժողի կարգավիճակ, դա շատ մեծ բարդությունների առաջ կկանգնեցնի վարույթը իրականացնող մարմնին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Սասուն Խաչատրյանը նաև հավելեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ դատարանի որոշման դեմ: ՀՔԾ պետը նաև ընդգծեց, որ, իր տեղեկություններով, վճռաբեկ բողոք է նախապատրաստում նաև մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչը:

 

 


© 2009 ARMENPRESS.am