ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը մանրամասներ ներկայացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացի վերաբերյալ

11:46, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսելուն հաջորդել է կազմակերպության տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլ:

Օգոստոսի 28-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը: «Խորհրդակցություններն  ընթանում են ըստ գործող կանոնակարգերի կոնսենսուսային լուծումներ գտնելու, ինչպես նաև այդ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նաղդալյանը:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է տարբերակ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի ոչ Հայաստանի ներկայացուցիչը՝ Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ 2015թ. ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության  6 պետությունները կոնսենսուսի հիման վրա կայացրել են որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի: «Ըստ այդ կարգի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը երեք տարի ժամկետով ամրագրել է Հայաստանը և համապատասխանաբար Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին, իսկ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա»,- մանրամասնեց Նաղդալյանը:

 


© 2009 ARMENPRESS.am