Ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար 76 քաղաքացի քննություն է հանձնել

20:13, 27 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունում ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիներից այս տարի 76-ին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու քննություններին և անցնել աշխատանքի: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 27-ին տեղի ունեցավ քննության առաջին փուլը: Դիմորդները համակարգչի դիմաց պատասխանում են ճանապարհային երթևեկության մասին հարցերին: Թեստում ընդգրկված է 10 հարց, դիմորդն ունի 15 րոպե ժամանակ: Քննության ողջ ընթացքը տեսանկարահանվում է:

Քննության մյուս փուլը օրեր անց է լինելու: Ամեն ինչ արվում է, որ ճանապարհային ոստիկանությունում ծառայության անցնեն բացառապես լավագույնները, և ինչպես նշեց ճանապարհային ոստիկանության պետը, այստեղ նրանց գլխավոր ծանոթն ու հովանավորը միայն գիտելիքն է:

Քննության հաջորդ փուլն ընդհանուր գիտելիքների ստուգումն է: Քննության մյուս փուլի և արդյունքների մասին ոստիկանությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:


© 2009 ARMENPRESS.am