ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

17:34, 27 Օգոստոս, 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել «Արարատ 73»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութան հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես,  ասվում է.

«Խորը վշտով տեղեկացա լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան մասին: Նա պաշտպանում էր ոչ միայն իր թիմի, այլեւ իր ժողովրդի պատիվը՝ միշտ մնալով բարձրության վրա թե որպես մարզիկ, թե որպես մարդ:
Ալյոշա Աբրահամյանի կորստից հետո, շնորհիվ նրա լեգենդար խաղի ու ֆուտբոլային կենսագրության, «Արարատ 73-ի» դարպասը կշարունակի մնալ անառիկ, իսկ նա մեր հիշողության մեջ կմնա որպես «մեր բոլորի դարպասի» անձնուրաց ու արժանապատիվ պաշտպանը: Ցավակցում եմ անվանի մարզիկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու բոլոր ֆուտբոլասերներին եւ կիսում նրանց վիշտը»:
 


© 2009 ARMENPRESS.am