Նուբարաշենի աղբավայրը կծածկվի հողով. նուբարաշենցիները հանդիպեցին Կամո Արեյանի հետ

13:14, 24 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նուբարաշենի աղբավայրի գարշահոտությունը մեղմելու համար աղբը կծածկեն հողով: Արդեն հաստատված ծրագրով հետագայում աղբավայրի հարակից տարածքում կստեղծվի նորը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը աղբավայրը փակելու հորդորով քաղաքապետարան եկած Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպմանը:

«Խնդիրները քննարկեցինք Կամո Արեյանի հետ: Նա նախապես արդեն ծանոթ էր խնդրին: Մեզ համար առաջնային խնդիրը աղբի հոտն է, աղբն արդեն հասել է մայթեզր: Կամո Արեյանը խոստացավ, որ հնարավոր բոլոր ռեսուրսները կօգտագործվեն, որպեսզի կարճ ժամկետում սկսվեն աշխատանքները, աղբը կտարվի աղբավայրի ավելի խոր հատվածներ և կծածկվի հողով»,-ասաց նուբարաշենցիներից մեկն ու հավելեց՝ փոխքաղաքապետը խոստացել է, որ առաջիկայում կգնա և իր աչքով կտեսնի, կկազմակերպի հանդիպում համապատասխան մարմինների հետ:

Բնակիչներն առաջարկել են փակել աղբավայրը: Կամո Արեյանը նշել է, որ  կառավարության եւ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որ այդ վայրին հարակից ստեղծվի նոր աղբավայր: Տարեվերջին կլինի մրցույթ և կստեղծվի միջազգային ստանդարտներին համապատասխան աղբավայր:


© 2009 ARMENPRESS.am