Սեյսմակայունության վարքականոններ ուսուցանող տագնապ-վարժանքին հետեւել է ԱԻՆ փոխնախարարը

19:23, 21 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները օրերս ուսումնական տագնապ-վարժանք անցկացրին Երևանի կենտրոն համայնքում գտնվող Իբիս հյուրանոցային համալիրում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, վարժանքի նպատակն էր զարգացնել հյուրանոցի անձնակազմի և հյուրերի պատրաստվածությունն ու հմտությունները՝ երկրաշարժին դիմակայելու և ցնցումների պահին ճիշտ վարք դրսևորելու տեսանկյունից: 

Երկրաշարժի ժամանակ ճգնաժամային կառավարումն իրականացնելու և վտանգին դիմակայելու կարողություններն ավելացնելու նպատակով Սեյսմիկ ծառայության աշխատակիցները հյուրանոցի ղեկավար կազմի, սպասարկող անձնակազմի և հյուրերի համար կազմակերպել էր ուսուցում ու խմբային քննարկումներ և հյուրանոցին էին տրամադրել օբյեկտի տարհանման սխեմաներ, տարհանման փաթեթ և ուսուցողական բուկլետներ: 

Տագնապ-վարժանքին հետևում էր նաև ՀՀ ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը, ով դրական գնահատեց կատարված համատեղ աշխատանքը և հույս հայտնեց, որ ծառայությունը կշարունակի նմանատիպ աշխատանքը մայրաքաղաքի մյուս հասարակական խոշոր օբյեկտներում՝ բնակչության և մայրաքաղաքի հյուրերի շրջանում տարածելով երկրաշարժերից առաջացող վտանգներին դիմակայելու և սեյսմիկ մշակույթը զարգացնելու գիտելիքներ:

© 2009 ARMENPRESS.am