Արտակ Զեյնալյանը դատապարտելի է համարում Մանվել Գրիգորյանին լուսանկարելը և լուսանկարը հրապարակելը

12:57, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի՝ օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում լուսանկարի հրապարակման փաստին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դատապարտելի համարեց կալանավորված անձի լուսանկարումը և հրապարակումը:

«Կարծում եմ, սա իրավունքի խախտում է: Եթե նույնիսկ դատապարտյալը ազատազրկված է և տվել է իրեն լուսանկարելու և հրապարակելու իր համաձայնությունը, զանգվածային լրատվամիջոցը պետք է ծանր ու թեթև անի՝ հրապարակի այն թե ոչ, որովհետև ազատազրկման մեջ գտնվող անձի կամքը ազատորեն չի ձևավորվել: Այս սկզբունքից ելնելով է նաև , որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարի հանձնարարությամբ կատարվում է ծառայողական քննություն:

Նա լրագրողներին հորդորեց ուշադիր լինել այդպիսի հրապարակումների նկատմամբ:

«Եթե այդպիսի լուսանկար արվել էր, ճիշտ կլինի, որ լրատվամիջոցը զերծ մնար այն հրապարակելուց»,- ասաց Զեյնալյանը:


© 2009 ARMENPRESS.am