Ծառայողական քննություն է կատարվում ոստիկանի կողմից էթիկայի կանոնների խախտման հանգամանքը պարզելու համար

15:24, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում քաղաքացու կողմից հրապարակվել է տեղեկություն, թե ճանապարհային ոստիկանության ծառայող, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը վարորդի հետ խոսելիս թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ պարզելու միջադեպի հանգամանքները, ինչպես և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հանգամանքը:
«Եթե կան քաղաքացիներ, ովքեր ականատես են եղել կամ միջադեպի վերաբերյալ կարող են ներկայացնել տեսաձայնագրություններ, խնդրում ենք դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am