Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել

10:35, 17 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում լույս տեսնող Psearcher (Փիսրչեր) պարբերականի հատուկ թողարկումն այս անգամ Հայաստանի մասին է: «Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակչության հանրային կապերի ղեկավար Վանգ Մինգմեին նշեց, որ «Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով թողարկումը ստեղծվել է հատուկ պատճառով:

«Ընտրությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը  հինավուրց երկիր է Եվրոպայի և Ասիայի խաչմերում `որպես երկու մայրցամաքները կապող կամուրջ: Դարեր շարունակ Հայաստանով էր անցնում հնագույն մետաքսի ճանապարհը, իսկ հայկական ապրանքները բավականաին տարածված էին Չինաստանի շուկաներում, հայկական առևտրային նավերն էլ հասնում էին Ասիայի արեւելյան նավահանգիստներին: Մեր հրատարակչական աշխատանքը հասել է Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող երկրների մեծ մասին, Հայաստանն էլ մի կարևոր կայարան է»,- նշեց Մինգմեին:   

Հանրային կապերի ղեկավարի խոսքով` իրենց հատկապես հետաքրքրել է Հայաստանի կառավարության վարած բաց քաղաքականությունն ու ենթակառուցվածքների զարգացման ներուժը, որոնք կարող են գրավիչ լինել չինացի ներդրողների համար:

«Հայաստանի կառավարությունը բաց դռների քաղաքականություն է վարում` ներդրումներ կատարելիս գրեթե չկիրառելով  սահմանափակումներ: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը բարձր են գնահատում նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունները: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը գրավիչ նախագիծ է, որը կարող է հետաքրքրել չինական ընկերություններին և ներդրողներին՝ շաղկապվելով նաև«Մեկ գոտի, մեկ ճանապարհ»   նախաձեռնությանը: Ներկայումս Հայաստանի կառավարության բաց քաղաքականությունը կարող է ներգրավել որոշ չինական ընկերություններին հատկապես շինարարական նախագծերում, ինչը ավելի մեծ օգուտ կբերի երկու կողմերին»,- ասաց Վանգ Մինգմեին:

Թողարկման ստեղծման համար Հայաստանի մասին անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու գործում «Փիսրչեր»-ին օգնել է դիվանագետ, Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը:

«Մենք համագործակցեցինք խմբագրման աշխատանքներում` ընդհուպ հարմար լուսանկարներ ընտրելը, բովանդակությունը փոխելը, քերականական սխալների ուղղումը, և այլն: Բավականին ծավալուն աշխատանք է կատարվել: Հավատացած ենք, որ մեր բոլոր ընթերցողները, մասնավորապես, ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատակիցները, կբացահայտեն Հայաստանը որպես դարպաս դեպի խոշոր շուկաներ»,- հավելեց նա:

Psearcher հրատարակչության ամսագրի բաժանորդների թվում են Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, Կոմերցիայի նախարարությունը,  պետական մի շարք  խոշոր ձեռնարկություններ, արտասահմանյան խոշոր արտահանող ընկերություններ, Չինաստանի դեսպանատներ, բուհեր և այլն:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հատուկ հրատարակչությունը, որը ստեղծվել է PSearcher- ի կողմից, ներկայացնում և բարձրացնում է ներդրումային միջավայրի իրազեկվածությունը զբոսաշրջային ռեսուրսների մասին, առաջարկում է առավել մասնագիտական ուղեցույց` բիզնես գործունեություն իրականցնելու համար: Այն նպատակ ունի Չինաստանում և Չինաստանից դուրս գտնվող ձեռնարկատերերին և ծրագրերի ղեկավարներին ապահովելու օտարերկրյա ներդրումներ ներգրաvող համապատասխան երկրի մասին առավել մանրամասն եւ ճշգրիտ տնտեսական տեղեկատվությամբ ՝ մի կողմից դյուրացնելով չինական ձեռնարկություններին «ելքը»  դեպի այդ երկրներ, մյուս կողմից աջակցելով վերջիններիս ներգրավել ներդրումներ և առևտուր Չինաստանից:

Հատուկ թողարկումները լի են օգտակար և մասնագիտական տեղեկատվությամբ, որոնք անհրաժեշտ են համապատասխան ծրագրերի ղեկավարներին:

Թողարկումը ներկայացնում է չինացի ներդրողներին հետաքրքրող  հարկային և օրենդսրական մանրամասներ, բիզնեսի ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն, նոր ներդրումային նախագծեր, երկրի զբոսաշրջային ներուժը և այլն: «Փիսրչեր»-ն այժմ դառնում է առաջատար հատուկ տնտեսական հրատարակչություն իրականացնող կազմակերպություն, որն ավելի քան 50 հաջողված համարներ է թողարկել՝ դեսանատների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

Տեղեկատվություն. թողարկման համար անհրաժեշտ նյութերը և լուսանկարները տրամադրվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, Արտաքին գործերի, Գյուղատնտեսության, Տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Ֆինասների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, Կենտրոնական բանկի, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և «Բիզնես Արմենիայի» կողմից: 


© 2009 ARMENPRESS.am