ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ

18:45, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը  այցելել են Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ` ծանոթանալու համալսարանի ղեկավարության, շենքային պայմանների և գործունեության հետ:

Այցելությանը ներկա էին նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Տոնեյանը, գործադիր տնօրեն  Սիմոն Սնգրյանը և մի շարք այլ ներկայացուցիչներ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունից, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը և դեսպանը համալսարանի ներկայացուցիչների հետ միասին շրջել են բուհի տարածքով, այցելել համալսարանին կից գործող Արմեն Երիցյանի անվան դպրոց: Այցի ավարտին տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում հյուրերը և համալսարանի ներկայացուցիչները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ համալսարանի ընդհանուր գործունեությանը, համալսարանական գրադարանին օժանդակութ­յանը, ուսանողների թվի աճին և մասնավորապես` օտարերկրյա ուսանողների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Հայաստանում Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը գործում է 2015 թվականից:


© 2009 ARMENPRESS.am