Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

17:08, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթուևթյան և գիտության նախարարությունից, ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները դրսևորվում են նաև կրթության և գիտության ոլորտներում և առկա համագործակցության մակարդակը բավարար հիմք է տալիս հետագա համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար: «Անշուշտ, մենք հավատարիմ ենք մեր պետությունների միջև նախկինում կնքված հուշագրերի շրջանակում նախատեսված պարտավորություններին ու պատրաստակամ՝ քննարկելու նոր համատեղ ծրագրեր, որոնք հայ-իրանական հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում նոր որակական աստիճանի կբարձրացնեն»,- նշել է ԿԳ նախարարը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ողջունելով նախարար Հարությունյանին` իր խոսքում վերահաստատել է  իրանական կողմի պատրաստակամությունը՝ զարգացնելու առկա կրթագիտական  համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը պայմանավորված է նաևգիտակրթական և միջհամալսարանական հարաբերությունների զարգացմամբ: Նա հաստատել է, որ Իրանի կառավարությունըպատրաստակամ է Հայաստանի քաղաքացիներին Իրանի բուհերում դոկտորական տեղերի տրամադրման հարցում: Դեսպանը ՀՀ կրթության և գիտության նախարարին է փոխանցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական այցի հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջբուհական հարաբերությունների ամրապնդման, ուսանողների և դասախոսների փոխանակման, Հայաստանում պարսկերեն լեզվի դասընթացների կազմակերպման, նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, ինչպես նաև աշխատանքային այլ հարցերի:

 


© 2009 ARMENPRESS.am