Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին

16:11, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի մանդատը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Այծեմնիկ Օհանյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 14-ին կայացած ԿԸՀ հերթական նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

«Օգոստոսի 8-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից արձանագրություն է ստացվել ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն` «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Այծեմնիկ Հայկի Օհանյանին մանդատ տալու վերաբերյալ»,- ասաց Գալստյանը:

Նիստի հաջորդ հարցով հանձնաժողովը վերացրեց ԿԸՀ-ում ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման սահմանափակումը: Այժմ ցանկացած զանգվածային լրատվության միջոց կարող է հավատարմագրել անսահմանափակ թվով ներկայացուցիչների:

«Նախկինում ցանկացած ԶԼՄ կարող էր հավատարմագրել առավելագույնը 50 ներկայացուցիչ: «Ասպարեզ» ակումբը դիմեց ՍԴ, վիճարկեց այդ նորմը, և 2017թ.-ի դեկտեմբերին այդ դրույթը ճանաչվեց հակասահմանադրական ու ԱԺ-ն այն հանեց: ԿԸՀ-ն էլ ընտրական օրենսգրքի հիման վրա պարտավոր էր կատարել այդ փոփոխությունը»,- ասաց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:

Հուլիսի 31-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հրաժարականի դիմումի մասին:

 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված էր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ: 


© 2009 ARMENPRESS.am