Նոր իշխանությունների կողմից «Մադրիդյան սկզբունքները» չեն մերժվել  

15:15, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակցությունների սեղանին շարունակում են մնալ «Մադրիդյան սկզբունքները», դրանք վարչապետի և նոր իշխանությունների կողմից չեն մերժվել, ոչ մի փոփոխություն կարգավորման գործընթացում չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Այսօր բանակցությունների սեղանին այլ բան չունենք դրված՝ Մադրիդյան սկզբունքներից բացի: Այդ փաստաթուղթը  հակաարցախյան է, հակատարածաշրջանային:
«Մադրիդյան սկզբունքների» հիմքում ընկած բոլոր կետերը ձևավորված են եղել 1990-1991 թվականներին: 1992-ին` ամբողջությամբ Հայաստանը համաձայնվել է մի շատ տխուր կետի` Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, բայց ավելի բարձր կարգավիճակում` ինքնավար պետության: Այս կետը իր հարցազրույցներից մեկի ժամանակ բարձրաձայնել էր նաև ՀՀ առաջին նախագահը: Հայկական կողմը որևէ ռեալ քայլ չի արել՝ փոխելու համար այդ մոտեցումը: Երկրորդ և  երրորդ  նախագահները  շատ  կոշտ, բայց բանավոր ասել են, որ Արցախը չի կարող ենթարկվել Ադրբեջանին, քանի որ երբևէ չի եղել նրա կազմում»,-նշեց Ալավերդյանը:
Նա ընդգծեց, որ այժմ դիրքորոշման մեղմացնող արտահայտություններ են հնչում. օրինակ՝ այն, որ նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մայիսին հայտարարում էր, թե Արցախը պետք է  բանակցային կողմ լինի, այժմ հայտարարում է՝ բոլոր  փաստաթղթերում նշված է, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին վերջին փուլում:

© 2009 ARMENPRESS.am