ՀՔԾ-ն ապօրինի է համարում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը

20:05, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է:  Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի է, և Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»,- նշեցին ՀՔԾ-ից:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը:

Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:


© 2009 ARMENPRESS.am