Քննարկվել է Արցախի պետհամալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման հարցը

19:23, 13 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման գործընթացին:

Նախագահը կարեւորել է նախագծի իրականացումը՝ ընդգծելով, որ ժամանակակից պայմաններին համապատասխանող ենթակառուցվածքները կարեւոր ներդրում կունենան մայր բուհում գիտակրթական մակարդակի բարձրացման գործում:

© 2009 ARMENPRESS.am