«Քաղաքացիական պայմանագիր»-ը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ձևաչափը. Փաշինյան

20:21, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ընտրություններին մասնակցելու ձևաչափը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 10-ին Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավոր է, որ դաշինքով մասնակցի, բայց հնարավոր է, որ դա չլինի «Ելք»-ը, այլ` բոլորովին նոր դաշինք: Բայց աներկբա է, որ մեր թեկնածուով պետք է մասնակցենք ընտրություններին»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով կուսակցության կողմից քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի թեկնածության առաջադրմանը` վարչապետը նշեց, որ Հայկ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է:

«Հայկ Մարությանը փայլուն հասարակական գործիչ ու մենեջեր է, և այդ մասին քարոզարշավի ընթացքում բոլորը կհամոզվեն»,- ասաց վարչապետը:

Հուլիսի 29-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշվել էր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի պաշտոնում առաջադրել Հայկ Մարությանի թեկնածությունը:

 


© 2009 ARMENPRESS.am