Բարդ մենամարտ է լինելու ինչպես մեզ համար, 2 անգամ ավել նրանց համար. Դավիթ Թորոսյան

18:49, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի կարծիքով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանի գոտու հեշտ պաշտպանություն չի սպասվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Punch Boxing պրոմոթերական ընկերությունը: «Նախապատրաստվում ենք շատ կարևոր մենամարտի: Արամ Ավագյանը գոտու պաշտպանության համար պետք է մրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիռնովի հետ: Բարդ մենամարտ է լինելու ինչպես մեզ համար, 2 անգամ ավել նրանց համար: Հիմա շեշտը դնում ենք տեխնիկատակտիկական եւ ֆիզիկական պատրաստվածության վրա»: 
Խոսելով մրցակցի մասին՝ Թորոսյանն ասաց. «Սմիռնովը պարտություն չի կրել, չնայած դրան, դեռևս գոտի չի նվաճել: Գոտի նվաճելը հեշտ բան չէ, հիմա ռուս բռնցամարտիկը մոտեցել է գոտու համար մենամարտին, բայց չեմ կարծում որ կկարողանա Արամից խլել այն»:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի սեպտեմբերի 21-ին: Ավագյանի հաջորդ մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Սմիռնովն է: Վերջինս ռեկորդ է սահմանել այս քաշային կարգում՝ անցկացրած 13 մենամարտերում չի կրել ոչ մի պարտություն: Արամ Ավագյանը պաշտպանելու է WBC International Silver գոտին:


© 2009 ARMENPRESS.am